30/09/2010 10:34
Շվեյցարիան հետամուտ է հայ-թուրքական գործընթացի շարունակմանը
Սեպտեմբերի 29-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Շվեյցարիա: Պատվիրակության կազմում են ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը և Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, առաջին հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ էր: Հանդիպման սկզբում Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց տիկին Կալմի-Ռեյին սեպտեմբերի 22-ին Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը, մասնավորապես միջազգային տարբեր խնդիրների լուծման հարցերում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծ է նաև շվեյցարահայության դերը : ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները գնահատում են Շվեյցարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որը նպատակաուղղված է Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը :
Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ պայմանավորվածություն է եղել հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար:
ԱԺ նախագահը նշեց, որ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները` Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ. այժմ ընթանում են ակտիվ խորհրդակցություններ երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացը շարունակելու համար:
«Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում»,- եզրափակեց տիկին Կալմի-Ռեյը : Նա բարձր գհահատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը` այն համարելով քաղաքական խիզախություն:
ԱԺ նախագահը կարևորեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հիմնումը, ինչը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Շվեյցարիայի միջև բազմակողմ հարաբերությունների և համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը : Կողմերը կարևորեցին հարցի խաղաղ բանակցային ճանապարհով լուծումը :