30/09/2010 13:22
Փորձագետ. Ադրբեջանը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել
«Եթե Հայաստանը պնդում է, որ Ղարաբաղի կարգավիճակն իր համար քննարկման առարկա չէ, ապա պետք է դուրս բերի այդ հարցը բանակցություններից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- այսօր ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը` նշելով, որ ժամանակին այսպես վարվեցին Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսի և Ռուսաստանը` Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ:
Բանախոսը թվարկեց մի քանի պատճառներ, թե ինչու Ղարաբաղը չի ճանաչվում Հայաստանի կողմից: Ըստ փորձագետի` «մարդիկ խորությամբ չեն ըմբռնում խնդրի էությունը, կա նաև քայլ կատարելու համար ավանդական քաղաքական վախը»: Մ.Սարգսյանի կարծիքով` հայկական կողմը չպիտի կառչի նաև Ղարաբաղյան հիմնահարցը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու գաղափարից:
«Հայկական կողմը պնդում է, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Ադրբեջանը փորձում է հարցը նաև այլ կառույցներ տեղափոխել: Հայաստանը մերժում է սա, սակայն կրկին փաստարկներ չի բերում, թե ինչու է դեմ, ընդամենը ասում է, որ կխանգարի» - ասաց նա:
Խոսելով Ղարաբաղի կարգավիճակի խնդրի մասին` ՌԱՀՀԿ փորձագետը նշեց, որ թեև Հայաստանի համար Ղարաբաղի կարգավիճակը քննարկման առարկա չէ, այնուամենայնիվ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ բանակցություններին մասնակցելու միակ նպատակը Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակը որոշելն է:
«Այդ դեպքում Հայաստանն ինչո՞ւ է մասնակցում այդպիսի բանակցությունների», - հարցադրեց բանախոսը:
Ըստ Մ.Սարգսյանի, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Ադրբեջանին հաջողվում է քաղաքական կարևոր խաղաքարտեր շահել, մասնավորապես` լրջագույն կառույցներում, ինչպիսին են ՄԱԿ-ը և ԵԽԽՎ-ն, բանաձևեր ընդունել, որոնցում նշվում են, որ իր տարածքներն «օկուպացված» են:
«Ադրբեջանին հաջողվել է գործընթացի մեջ ներքաշել Թուրքիային, ինչի շնորհիվ` օգտագործել նաև ռազմական շանտաժը»,- ասաց նա, միաժամանակ նշելով, որ Ադրբեջանին պատճառ պետք չէ պատերազմ սկսելու համար, քանի որ նա չի կարող ինքնուրույն այդպիսի որոշում կայացնել:
«Ադրբեջանը փորձում է միջազգային կառույցներին համոզել, որ պատերազմ սկսելու իրավունք ունի, սակայն դա չի ընդունվում»,- եզրափակեց փորձագետը: