30/09/2010 12:25
Ֆրենկ Փալոն. ԼՂ-ն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի նախաձեռնությամբ, Արցախի անկախության տոնի կապակցությամբ Վաշինգտոնում կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթով է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», ԱՄՆ-ի Կոնգրեսի գլխավոր շենքում տեղի ունեցած միջոցառման բացումն ազդարարելիս` կոնգրեսական Փալոնը նշեց, թե արցախյան իր այցելությունների ընթացքում համոզվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և իշխանությունները հետևողականորեն ընթանում են ժողովրդավարության ճանապարհով:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարն իր ելույթում նշեց, որ ԱՄՆ-ի կողմից նման ընդունելությունը Արցախի ժողովրդի համար անակնկալ չէ. «Միացյլալ Նահանգներն այն երկիրն է, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին ղարաբաղյան հարցը կապում էր նրա ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա լուծման հետ և խորհրդային կառավարությանը հորդորում զերծ մնալ բռնություններից»:
Այսօր էլ Միացյալ Նահանգները տարեկան կտրվածքով անմիջական մարդասիրական աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին, «ինչը բխում է ազատության և արժանապատվության հանդեպ ԱՄՆ-ի ունեցած վերաբերմունքից», - ասել է Ղուլյանը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԱՄՆ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով իր հերթին քննադատեց Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու փորձերը` հայտարարելով, որ տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանի և Արցախի ժողովուրդներին ծնկի բերելու քաղաքականությունը չի հաջողվի, քանի որ, նշեց Մարգարյանը, «ազատությունը վաճառքի չի հանվում»:
Մինչ Կոնգրեսում տեղի էր ունենում միջոցառումը, շենքի դիմաց հավաքված շուրջ մեկ տասնյակ ադրբեջանցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: «Դադարեցրեք աջակցությունը չճանաչված Ղարաբաղին», «ԱՄՆ-ի ադրբեջանցիները լսելի լինելու կարիք ունեն» և այլ ցուցապաստառներով ադրբեջանցի երիտասարդների այս ակցիան, Կոնգրեսի անվտանգության ուժերի պահանջով տեղափոխվեց շենքի մուտքից հեռու:
Ի դեպ, ինչպես նշում է աղբյուրը, Արցախի անկախության օրը արդեն մի քանի տարի է, ինչ նշվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսում: