30/09/2010 13:50
Ս.Սաֆարյան. ԼՂ ճանաչումը կարող է ավելի սթափեցնել Ադրբեջանին
Մինչև Հայաստանը չճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչումն անհնար է, այսօր ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ քննարման ժամանակ հայտարարեց ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ Հայաստանի և ողջ սփյուռքահայության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից է, որ այսօր շատ երկրներ ընդունել են այդ փաստը:
«Միջազգային հանրությունը երբևիցե չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մինչև դա չանի Հայաստանը»,- ընդգծեց նա:
Ըստ պատգամավորի` ԼՂՀ ճանաչումը կարող է հիմնախնդրի կարգավորման մի քանի հարցեր միանգամից լուծել: Ս.Սաֆարյանը համոզված է, որ այդ դեպքում Ստեփանակերտը կդառնա բանակցությունների անմիջական կողմ, և կքննարկվեն արդեն ոչ թե վերջնական կարգավիճակի, այլ` մյուս կարևոր հարցերը:
«Այժմ բանակցություններ չկան, դրանք զուտ հանդիպումներ են, քանի որ բանակցությունները պետք է գոնե եռակողմ լինեն` ԼՂՀ մասնակցությամբ»,- նշեց նա:
Ս.Սաֆարյանի կարծիքով, փաստարկված չեն այն հայտարարությունները, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը դեռ ժամանակավրեպ է:
«1992 թվականին հարմար պահ կար Լեռնային Ղարչաբաղի անկախությունը ճանաչելու համար, սակայն 18 տարի է անցել, բայց մինչ օրս «չի եկել այդ ժամանակը: Իսկ ե՞րբ է գալու»,- հարցադրեց նա:
Բանախոսը համամիտ է այն տեսակետի հետ, թե ճանաչումը որոշ ռիսկեր է պարունակում, բայց գտնում է նաև, որ ճանաչումը կարող է ավելի սթափեցնել Ադրբեջանին: Ըստ Ս.Սաֆարյանի, այստեղ կարևոր է նաև, որ Հայաստանի կառավարությունը ևս ցույց տա իր պրոֆեսիոնալիզմը:
«Ոչ ոք չի ասում, որ միակողմանի ճանաչում չի կարող լինել: ՄԱԿ-ը ևս դեմ չէ, մանավանդ որ այդ գործընթացը խիստ կարգավորված է»,- նշեց պատգամավորը: