30/09/2010 13:34
Ա. Զաքարյան. «Մենք տագնապելու խնդիր չունենք»
«Դիտարկում անցկացնելու սույն առաքելությունը թերի կլինի, եթե այն չընդգրկի Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքները: Դա կնպաստի Մինսկի խմբի ջանքերին` հավասարակշռված և իրատեսական միջնորդական առաքելությունը շարունակելու առումով»,- անդրադառնալով հոկտեմբերի 4-14-ը ԼՂՀ հարակից տարածքներում սպասվող փաստահավաք առաքելության աշխատանքներին՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ, դիտարկումն առկա իրավիճակը, գոյություն ունեցող իրողությունները փաստելու և նկարագրության նպատակ ունի. «Որը, կարծում եմ, որոշակի խթան կհանդիսանա հակամարտության կարգավորման հետագա քայլերի համար»:
«Հաշվի առնելով մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը և միջնորդական առաքելությանն օժանդակելու պատրաստականությունը, կարծում եմ, որ մոնիթորինգը որոշակի դրական ներուժ կարող է հաղորդել հայկական քաղաքականությանը: Այսինքն, սա այն իրավիճակը չէ, երբ մենք տագնապելու խնդիր ունենք»,- ասաց պատգամավորը:
Խորհրդարանականի խոսքերով, սա պետք է դիտել որպես հնարավորություն` միջնորդական ջանքերում բոլոր կողմերի միջև հավասարակշռությունը պահպանելու, խնդրի կարգավորման համար բանակցային գործընթացում ԼՂՀ-ին ներգրավելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքների ամբողջական դիտարկում անցկացնելու անհրաժեշտությունը ևս մեկ անգամ բարձրաձայնելու և հիմավորելու համար: