01/10/2010 17:38
Բաքվում խուճապ է. Ադրբեջանն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել
«Ադրբեջանական կողմն ամենասկզբունքային և կոշտ ձևով կարձագանքի այսպիսի գործունեությանը, իսկ այդօրինակ այցելություններն անթույլատրելի է համարում, առավել ևս այն լույսի ներքո, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է»: Նման բովանդակությամբ բողոքի նոտա է հանձնվել Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Ստերլինգին, ով հոկտեմբերի 1-ին հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։
Այս մասին «Դեյ.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ` հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը:
Նշենք, որ Ստերլինգի ԱԳՆ հրավիրելու պատճառը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի` ԱՄՆ կատարած այցն էր, որի շրջանակներում նա հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: