01/10/2010 11:47
ՀՀ փոխվարչապետն ընդունեց չինացի գործարարների պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց չինացի գործարարների պատվիրակությանը` Չինաստանի հաղորդակցության ծառայության փոխնախագահ Գոու Յաջինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասրակայնության հետ կապերի բաժնից, Չինացի գործարարները հետաքրքրված են «Մասիս, Սիս և նոր Հայաստան» զբոսաշրջային զարգացման ծրագրով և Հայաստան այցի ընթացում արդեն ծանոթացել են նախագծին, քննարկել ներդրումներ կատարելու հնարավորությունները:
Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրին, որ իրականացված նախնական ուսումնասիրությունները կքննարկեն իրենց գործընկերների հետ, և հույս հայտնեցին, որ կոնկրետ արդյունքներով կվերադառնան Հայաստան:
Ա. Գևորգյանը ողջունեց չինացի գործարարների` Հայաստանում ներդրումային ծրագրերին մասնակցելու մտադրությունը` նշելով, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում փոխվարչապետը կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան- Չինաստան ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորություններին` երկուստեք արձանագրելով, որ դրա առկայությունը կխթանի երկու երկրների միջև փոխադարձ շփումներն ու նոր որակ կհաղորդի առևտրատնտեսական հարաբերություններին: