01/10/2010 17:23
Սահակյան. Անիում իրականացված նամազը հարված է նաև մահմեդականներին
«Սա շատ դատապարտելի երևույթ է. որքան էլ թուրքերն այնտեղ նամազ անեն, եկեղեցու սրբապատկերը փոխեն, արձանագրությունները ոչնչացնեն կամ հայտարարեն, որ դա իրենցն է՝ մեկ է, այն եղել և մնում է որպես քրիստոնեական արժեք, այն պատկանում է հայկական եկեղեցուն, և վերջապես դա հայերինն է»,- անդրադառնալով Անիի Մայր տաճարում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նախատեսված նամազին՝ Aysor-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հ. Սահակյանը:
Նրա խոսքերով, այդ միջոցառման իրականացումը ևս մեկ ապացույց կլինի առ այն, որ թուրքերը` հայերին կոտորելուց բացի, փորձում են «մաքրել» հայկական արմատները, հայի հետքը: «Այս միջոցառումը հրապարակային ձևով իրականացվեց, ինչի արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվել, կարծես թե միայն Անիի եկեղեցին է նման ոտնձգության ենթարկվում: Հայտնի է, որ թուրքերը բազմիցս ոտնձգություններ են իրականացրել ու շարունակում են իրականացնել Թուրքիայի տարածքում դեռևս մնացած կամ ոչ ամբողջությամբ ոչնչացված հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ»,- ասաց Հ. Սահակյանը:
Խորհրդարանականի համոզմամբ՝ Թուրքիան հնարավորություն ունեցել է ապացուցելու, թե զղջում է իր արարքների համար, որ դատապարտում է իր նախնիների իրականցրած ոճիրը, սակայն Թուրքիան ճիշտ հակառակ ուղով է գնում՝ շարունակելով իր ցեղասպան նախնիների անցած ճանապարհը:
«Ես կասեի, որ քրիստոնեական արժեք հանդիսացող վայրում՝ եկեղեցում, նամազ անելը հակասում է նաև մահմեդական աշխարհի սովորույթներին և օրենքներին. կարծում եմ, որ դա մեծ հարված է նաև մահմեդականների ինքնասիրությանը: Անիի տաճարի հետ կապված ցանկացած երևույթ պետք է հուզի ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլ ընդհանրապես ողջ քրիստոնյա հանրությանը, քանի որ Անիի տաճարն իրենից քրիստոնեական արժեք է ներկայացնում»,- եզրափակեց պատգամավորը: