01/10/2010 13:27
Առաջատարն Ուկրաինայի շախմատային ընտրանին է
Համաշխարհային շախմատային Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 13 միավոր և Վրաստանի, Լեհաստանի, Իսպանիայի, Հունգարիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Սերբիայի ու Իտալիայի ազգային թիմերի հետ բաժանում է 7-16-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն Ուկրաինայի ընտրանին է, որը նախորդ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի թիմին և իր միավորների քանակը հասցրեց 16-ի: Նրանից կես միավորով են հետ մնում Ռուսաստանի առաջին և Ֆրանսիայի հավաքականները: Իսրայելի, Չինաստանի և ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 14-ական միավոր:
Այսօր կայանալիք 10-րդ տուրում, ինչպես արդեն հայտնել ենք, հայ շախմատիստները կմրցակցեն չեխերի հետ: Ուկրաինացիները ֆրանսիացիների հետ մրցակցությունում կփորձեն պահպանել առաջատարի դիրքը: Ռուսաստանյան առաջին ընտրանին կմրցակցի չինացիների, ամերիկացիները` իսրայելցիների հետ: