01/10/2010 15:47
Ա. Սաղաթելյան. Մենք ունենք եղեռնի ևս մեկ նախադեպ
«Մարաղան, այն թեման է, որն, իմ կարծիքով, ուշադրությունից դուրս է մնացել երկար տարիներ, մինչդեռ մենք ունենք փաստ` սպանությունների շարան, որը միանշանակ փաստում է, որ մարդիկ ոչնչացվել են ազգային պատկանելիության համար: Այսինքն, մենք ունենք եղեռնի ևս մեկ նախադեպ, որը ծրագրավորված և նպատակաուղղված իրականացվել է հարևան հանրապետության քաղաքական իշխանությունների կողմից»,- այսօր ասուլիսում «Մարաղա, 10 ապրիլի 1992թ.» փաստագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:
Նրա խոսքով, «Սովորական ցեղասպանություն» շարքի հաջորդ ֆիլմը վերաբերելու է Խոջալուի դեպքերին, որի շուրջ յուրաքանչյուր տեղեկատվություն, որը հակասում է իրենց պաշտոնական դիրքորոշմանը, Ադրբեջանի իշխանությունները ցավագին են ընդունում:
Ըստ Ա. Սաղաթելյանի, փորձագետների եզրակացությամբ, Խոջալուի «իրադարձություններն» այն տեսքով, ինչպես ներկայացնում են ադրբեջանցիները, պարզապես տեղի չեն ունեցել. «Մենք ունենք բազմաթիվ փորձագետների գնահատականներ, այդ թվում նրանց, ովքեր մեծ ուրախությամբ ընդունվում են ադրբեջանական կողմից, որ Խոջալուում ռազմական օպերացիայից հետո քաղաքի ներսում տեղի են ունեցել մարտեր, այսինքն ադրբեջանցիները շարունակել են կրակել` ի պատասխան հայկական զորքերի գործողությունների, ունենք Թոմաս դե Վաալի վերջնական հարցազրույցը տեսաձայնագրված, որտեղ նա ասում է, որ երբեք չի կարծել կամ պնդել, որ դրանք եղել են ծրագրավորված գործողություններ»: Մինչդեռ, նշեց Ա. Սաղաթելյանը, ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական մեսիջներից մեկն այն էր, որ փորձագետ Թ. դե Վաալը հակառակն է ասել:
Ա. Սաղաթելյանն ընդգծեց, որ փաստերով ապացուցված է այն, որ տեղի ունեցածը եղել է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության գործունեության և անգործության հետևանքով, իսկ այն ամենը, ինչ տարածվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, լրացուցիչ նկարահանումներ են կամ լրացուցիչ ստեղծված իրավիճակներ:
Կենտրոնի տնօրենը հավելեց, որ Վերա Ֆրանկովի տեսանյութերի առկայության մասին վերջերս արած իր հայտարարությանն ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ արձագանքել է, քանի որ այդ նյութերը նրանք չեն սիրում հիշատակել: Սակայն, Ա. Սաղաթելյանի խոսքով, դրանք կան մեզ մոտ, Ասոշիեյթդ պրեսսի և այլ արխիվներում: Դա ռեպորտաժ է, որտեղ զոհերի մեջ կան մեծ թվով զինված և համազգեստով մարդիկ, իսկ զոհերը հետևանքն են ադրբեջանական քաղաքական որոշման` կենդանի վահան ստեղծելու մասին: