01/10/2010 15:16
«Մարաղա, 10 ապրիլի 1992 թ.» ֆիլմի պրեմիերան` վաղը Հ1-ով
Վաղը` հոկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում կկայանա «Սովորական Ցեղասպանություն» շարքի երրորդ` «Մարաղա, 10 ապրիլի 1992 թ.» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց «Սովորական Ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
Նա նշեց, որ սա «Սովորական Ցեղասպանություն» շարքի երրորդ ֆիլմն է: Առաջին երկու ֆիլմերը 1990 թ. հունվարին Բաքվի և 1988 թ. փետրվարին Սումգայիթի ջարդերի մասին են: Ֆիլմերը թարգամանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն, տեղակայվել համացանցում և լայնորեն տարածվում են տեսասկավառակներով:
«Մենք շարունակում ենք հայթայթել նոր փաստեր, որոնք վերաբերում են հայերի ջարդերին Բաքվում և Սումգայիթում, և այդ փաստերը տեղ կգտնեն ֆիլմերի թարմացված տարբերակներում, որոնք կցուցադրվեն հետագայում»,- ասաց Մ. Գրիգորյանը, հավելելով, որ Մարաղան առաջին ֆիլմն է, որ պատմում է արդեն պատերազմի տարիներին կատարված ողբերգության մասին:
Նա շեշտեց, որ, ցավոք, այս դեպքերը չեն արժանացել միջազգային հանրության ուշադրությանը. թեև Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դիմումներ և փաստեր է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, բայց այդ գործընթացը չի հասցվել ավարտին:
«Այստեղ գործ ունենք դեպքերի հետ, որոնք առանձնանում են ղարաբաղյան պատերազմի և ղարաբաղյան շարժման պատմության մեջ իրենց բացառիկ դաժանությամբ»,- փաստեց Մ. Գրիգորյանը:
«Մարաղա, 10 ապրիլի 1992 թ.» ֆիլմը պատմում է գազանաբար սպանված, գերեվարված, պատանդության մեջ տանջահարված և անհայտ կորած տասնյակ խաղաղ բնակիչների ողբերգության մասին, որը դեպքերի հենց հաջորդ օրը Մարաղա մեկնած բարոնուհի Քերոլայն Քոքսն անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե շատ ավելի սարսափելի»: Մ. Գրիգորյանի խոսքով, այս ֆիլմում մի փոքր այլ մոտեցում է կիրառվել` խոսքն ավելի շատ տրվել է գյուղի հրաշքով փրկված բնակիչներին, նախկին պատանդներին, որոնք հիմա ապրում են Ղարաբաղում` Նոր Մարաղա գյուղում: Բուն Մարաղան գտնվում է ադրբեջանական տարածքում:
Ֆիլմում բերված վկայություններն ու փաստաթղթերը լույս են սփռում 1992 թ. ապրիլի 10-ի իրադարձությունների պատճառների ու հետևանքների վրա` ապացուցելով, որ ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղի ոչնչացումը, կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային սպանությունները և գերեվարումն անմիջականորեն կապված էին Բաքվի նավթային շահերի հետ: Ֆիլմում տեղ են գտել նաև նախկինում անհայտ փաստեր ու մանրամասներ` ներկայում Ադրբեջանի կողմից գրավված գյուղի բնակիչների առանձնահատուկ դաժան սպանությունների մասին:
Հիշեցնենք, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և կոչված է պատմել ճշմարտությունը 1988-1992 թթ. դեպքերի մասին, որոնց ընթացքում Արդբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը պարբերաբար ենթարկվել է էթնիկ զտումների և ցեղասպանության: