01/10/2010 14:04
Հուշարձանագետ. Թուրքիայում 10-15 տարի հետո հայկական կոթող չի մնա
1912-ին Թուրքիայում եղել է մոտ 2000-ից ավելի գործող հայկական եկեղեցի, իսկ այսօր այդ եկեղեցիների 10 տոկոսի միայն հետքերն են մնացել ու դրանք կարելի է մատների վրա հաշվել: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և նկատեց, որ տարեցտարի Թուրքիայում հայկական եկեղեցիների թիվը պակասում է:
Ս. Կարապետյանի խոսքով, առավելագույնը 10-15 տարի հետո այլևս ոչ մի ուսումնասիրելու կոթող չի մնալու. «Որոշ հայկական եկեղեցիներից այժմ միայն հետքեր են մնացել։ Կանգունները կարելի է մատների վրա հաշվել։ Բայց ամենացավալին այն է, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների փշրանքներն էլ տարեցտարի պակասում են»։
Հուշարձանագետը կարծում է, որ «այդ փշրանքներն արձանագրելու համար դրանք պետք է գոնե լուսանկարել, գոնե թղթի վրա ունենալ»:
«Պետք է, պետական մակարդակով միջազգային ատյաններում Թուրքիայի դեմ դատական գործեր հարուցելով, լուծենք հուշարձանների ոչնչացման հարցը»,- կարծում է հուշարձանագետ Ս. Կարապետյանը: