02/10/2010 13:58
Ա. Սաղաթելյան. Զարգացումը համագործակցության մեջ է
Երևանում կայացած «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորագրով գիտաժողովի արդյունքներով ընդունվել է երևանյան «Հանուն տեղեկատվական համագործակցության և փոխգործակցության» հռչակագիր: Այս մասին այսօր գիտաժողովի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:
Հռչակագրում խորհրդաժողովի մասնակիցների պատրատակամությունն է հայտնվում` կոնկրետ քայլեր ձեռնարկել տեղեկատվական ինտեգրացիայի ուղղությամբ, որպեսզի ջանքերը կենտրոնացվեն տեղեկատվության փոխանակման, ինտեգրված մեդիանախագծերի իրականացման համար, որոնք հետաքրքիր կլինեն մեր երկրների հասարակությանը:
Ա. Սաղաթելյանը շեշտեց, որ հռչակագիրը չի նշանակում, որ այն ստորագրած կողմերից որևէ մեկն իր մեջ ուժ չի տեսնում տեղեկատվական հակամարտության համար. «Դրա համար բոլոր սուբյեկտներն ունեն բավական մեխանիզմներ»: Ըստ Ա. Սաղաթելյանի, մասնակիցները գտնում են, որ հակամարտությունների ժամանակն անցել է:
«Խոսքն այն մասին է, որ մենք զարգացումը տեսնում ենք համագործակցության մեջ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևի խոսքով, խորհրդաժողովը շատ-շատ արդյունավետ էր և բազմակարծիք:
«Փաստաթղթում չկան սուր խնդիրներ, բայց դրա կարևորությունն այն է, որ ռուս-հայ-վրացական կողմերը որոշել են, որ ժամանակն է ռեալ համատեղ տեղեկատվական նախագծերի իրականացման համար, որպեսզի տարածաշրջանն ավելի անվտանգ դառնա»,- նշեց Ա. Կասաևը, հավելելով, որ համատեղ նախագծերն իրականացվելու են բազմազգության հիմքի վրա, և դրանցում կներգրավվեն նաև նոր ճանաչված ու դեռևս չճանաչված հանրապետությունները:
Վրաստանի «Ազատ Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Անտոն Լասխիշվիլիի համաձայն, սա միակ վայրն է, որտեղ կարելի է հավաքվել և քննարկել խնդիրները, որոնք շատ լուրջ են և հիմնականում վերաբերում են տեղեկատվական դաշտի միասնականության վերականգնմանը. «Երկխոսությունը միակ հնարավորությունն է` համատեղ ջանքերով բարելավել և ամրապնդել մեր երկրների հարաբերությունները»:
Հիշեցնենք, որ գիտաժողովը կազմակերպել էին «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության գործակալությունը և ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնը: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործիչներ: