02/10/2010 13:28
«Հայկական հարցը Թուրքիայի ներքաղաքական ակտուալ խնդիր է դարձել»
Ե’վ նամազը, և’ խաչի «գաղտնագողի» տեղադրումը, և’ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պատարագը միմյանց կապված գործընթացներ են, միայն զարմանալի է, թե Թուրքիան ինչու՞ նման քայլ կատարեց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, «գաղտնագողի» տեղադրված խաչը դժվար թե թուրքական կողմին լուրջ դիվիդենտներ բերի:
«Կարծում եմ, որ եթե խաչը տեղադրվեր ըստ պայմանավորվածության, ապա թե’ ինֆորմացիոն դաշտում, թե’ հայ-թուրքական գործընթացում, թե’ Թուրքիա-Եվրոպա և թե’ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում Թուրքիան ավելի շատ կշահեր, քան հիմա»,- ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ պատարագը տեղի ունեցավ առանց հայկական լուրջ մասնակցության, խաչը տեղադրված է, իսկ արդյունքում Թուրքիան ոչինչ չի շահում:
Ս. Մինասյանը կարծում է, որ գործողությունների այսկերպ դասավորվածությունը կապված է Թուրքիայի ներքաղաքական խնդիրներից. «Հայկական հարցը դարձել է Թուրքիայի ներքաղաքական ակտուալ խնդիրներից մեկը, և, կարծում եմ, որ խաչի տեղադրումը Թուրքիայի իշխանության կողմից հապճեպ արձագանք էր Անիի Մայր տաճարի նամազին»: