04/10/2010 13:08
Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունն աճել է մոտ 50 տոկոսով
Հայաստանի և Վրաստանի միջև չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, այսօր Երևանում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարը հիշեցրեց, որ իր վրացի գործընկերոջ հետ կա պայմանավորվածություն` հանդիպել առնվազն երկու ամիսը մեկ` քննարկելու երկու երկրների միջև առկա խնդիրները:
«Հարևան երկրների միջև չկան հարցեր, որոնք չի կարելի լուծել հանդիպումների և բանակցությունների միջոցով»,-ընդգծեց Է.Նալբանդյանը: Հաճախակի հանդիպումները կարևորեց նաև Վրաստանի արտգործնախարարը:
«Մենք երկկողմ հարցեր միշտ էլ կունենանք, բայց կարևոր է, որ խնդիրները երբեք պրոբլեմ չդառնան»,-ասաց Գ.Վաշաձեն:
Է.Նալբանդյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում` առևտրաշրջանառության շուրջ: Նախարարը նշեց, որ անցյալ տարվա համեմատ այս տարվա 9 ամիսների ընթացքում կողմերի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 50 տոկոսով` շուրջ 40 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ Հայաստանից Վրաստան զբոսաշրջիկների թիվը 300 հազարից անցել է։
Գ.Վաշաձեն ևս փաստեց ապրանքաշրջանարության աճը, հավելելով, որ հետճգնաժամային պայմաններում դրա ցուցանիշը նույնիսկ բավարար չէ: «114 մլն դոլարի շրջանառությունն ամոթալի է Հայաստանի և Վրաստանի համար»,- ասաց նախարարը` նշելով այդ ցուցանիշը բարձրացնելու անհրաժեշտության մասին: