04/10/2010 14:01
Նամակ. Ադրբեջանը վերացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Երևանի պետական համալսարանի ուսանողները իրենց խիստ անհանգստությունն են հայտնում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային կոթողների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այսօր նրանք նամակ են հղել ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Կանատ Սաուդաբաևին և նամակի պատճենը` ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար պարոն Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին:
«Ադրբեջանի շովինիստ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց երկրին բռնակցած հայկական տարածքներում վերացնելու հայկականության ամեն մի հետք: Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհին չի հետաքրքրում հայկական մշակութային ժառանգությունը, որը ոչնչացվում է ադրբեջանցի վանդալների կողմից:
Այս օրերին ԵԱՀԿ-ն, տուրք տալով ադրբեջանական հորդորներին, փաստահավաք խումբ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ուսումնասիրելու «ադրբեջանցիների հետքերը»:Արդյո՞ք Ձեզ չի հետաքրքրում Ջուղայի հայկական խաչքարերի և Շահումյանի շրջանի հարյուրավոր հայկական պատմամշակութային և կրոնական հուշակոթաղների ճակատագիրը:
Երևանի պետական համալսարանի ուսանողների անունից պահանջում ենք ԵԱՀԿ-ից փաստահավաք առաքելություն ուղարկել նաև Նախիջևան և Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջան` ուսումնասիրելու «հայերի հետքերը»», - ասված է ԵՊՀ ուսանողների նամակում: