04/10/2010 16:59
Գ. Մինասյան. Մամեդյարովը փորձում է անմեղ ձևանալ
«Բոլորին է հայտնի, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջրկելով հետ քաշել շփման գծում գտնվող դիպուկահարներին, սակայն ադրբեջանական կողմը, տարբեր պատճառաբանությամբ խուսափել է այդ առաջարկից: Այդպիսի նախաձեռնությունների մասին խոսել են նաև մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ, իսկ վերջին անգամ, այդ մասին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը»- պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե կարևոր է շփման գծում խաղաղության ռեժիմի պահպանության հարցը, ինչը կնվազեցնի շփման գծում զոհերի ռիսկայնությունը՝ Aysor-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ մեկ բան ակնհայտ է, ադրբեջանական կողմը ցանկանում է արհեստականորեն լարվածություն ստեղծել ղարաբաղյան խնդրի շուրջ՝ թույլ չտալով դրա խաղաղ, բնականոն կարգավորումը:
«Մամեդյարովը ևս մեկ անգամ փորձում է անմեղ ձևանալ, չնայած, որ այդ հարցի միակ մեղավորը հենց ադրբեջանական կողմն է, ինչը դրսևորվել է ինչպես ադրբեջանցի դիպուկահարների, այնպես էլ դիվերսիոն խմբերի ակտիվ գործողություններով»,- ասաց հանրապետական պատգամավորը: