04/10/2010 13:35
Վաշաձե. Թբիլիսին չի կարգադրել փակել «Վերին Լարսը»
Այսօր Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև գտնվող «Վերին Լարս» անցակետի աշխատանքների հետ կապված խնդիրները: Հիշեցնենք, որ վերջին 10 օրվա ընթացքում անցակետը մի քանի անգամ բացվել և փակվել է` դառնալով բեռնատար մեքենաների հերթերի առաջացման պատճառ:
«Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը, բացատրություն է տրվել, որ դա տեխնիկական պատճառներով է», – համատեղ ասուլիսին ասաց Է.Նալբանդյանը և հավելեց, որ «անցակետը բաց է կամ կբացվի մոտակա ժամերի ընթացքում»:
Գ.Վաշաձեն հարցի շուրջ ասաց, որ անցակետի աշխատանքների վերաբերյալ արդեն Թբիլիսի զանգահարել է:
«Այս պահին կարող եմ ձեզ ասել, որ անցակետը լիարժեք գործում է, և Թբիլիսիից չի եղել որևէ գրավոր կամ բանավոր կարգադրություն այն փակելու վերաբերյալ։ Եթե տեխնիկական խնդիր կա, մենք այդ մասին անմիջապես կտեղեկանանք, սակայն անցակետը բաց է, և հավատացեք, որ քիչ հետո ես հաճույքով ձեզ կտեղեկացնեմ, որ առաջին ավտոմեքենան հատել է սահմանը», – ասաց Վրաստանի ԱԳ նախարարը: