04/10/2010 09:16
ՀՀ նախագահը Արմեն Ջիգարխանյանին պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Ջիգարխանյան,
Սիրելի վարպետ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն և երկար տարիների կյանք:
Բեմեր ու դահլիճներ նվաճելու Ձեր բացառիկ տաղանդով, անձնական անսահման հմայքով, անսպառ աշխատունակությամբ ու աշխատասիրությամբ ավելի քան հինգ տասնամյակ Դուք բարության ու իմաստնության սերմեր եք ցանում թատրոնի և կինոարվեստի անդաստանում, վայելում համաժողովրդական սեր ու համակրանք: Ամուր կապված լինելով ազգային արմատներին` Դուք ծառայում եք համամարդկային արժեքներին և ժամանակակից կինոյի ամենաակնառու դեմքերից մեկն եք:
Ձեր արգասաբեր ստեղծագործական կյանքն արվեստի նվիրյալի վառ օրինակ է և ուղենիշ երիտասարդ արվեստագետների համար: Մենք հպարտ ենք և ավելի ուժեղ Ձեզանով:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում արևշատություն և նորանոր ստեղծագործական հաջողությունների բերկրանք»:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարի հրամանագրով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: