04/10/2010 13:52
Գ.Վաշաձեն դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում
Հոկտեմբերի 4-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով Գրիգոլ Վաշաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց երկու արտգործնախարարությունների միջև կանոնավոր շփումները` նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ կատարվեց երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:
Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ կատարվեց նաև վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` կրթության և հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի:
Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ: Կարևորվեց կուտակած դրական փորձի շարունակականության ապահովումը:
Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:
Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ նաև ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև: