04/10/2010 12:49
Գրիգոլ Վաշաձեն հերքեց ՌԴ բազաների վերաբերյալ իր հայտարարությունը
«Հայաստանն իրավունք ունի որոշելու, թե իր ազգի համար ինչպիսի անվտանգության ձևաչափ է պետք, ոչ ոք կասկածի տակ դա չի դնում»,-այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` անդրադառնալով օգոստոսին ստորագրված ռուս-հայկական համաձայնագրի վերաբերյալ իր իսկ հայտարարությանը, թե «Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումն ու դրա հզորացումը սպառնում է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»:
«Ես չեմ քննարկելու Հայաստանի անվտանգության հարցերը, սակայն Վրաստանն ունի սուվերեն իրավունք` հայտարարություններ անել Հարավային Կովկասում ռուսական ռազմական բազաների ներկայության կապակցությամբ»,- ասաց նախարարը: Ըստ Վաշաձեի` «ռուսական բազաներն իսկապես սպառնալիք են Վրաստանի սուվերենության և անկախության համար»:
«Լավ կլինի հիշել 1921 թվականը, երբ մեր երեք երկրները կորցրեցին իրենց անկախությունը»,- հավելեց նա:
Խոսելով բուն հայտարարության մասին, նախարարը շնորհակալություն հայտնեց, որ հայկական մամուլը հետևում է իր հայտարարություններին, և ասաց, որ «Հայաստանի ինքնիշխանության և անկախության մասին նման հայտարարություն չի արել»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երևանում ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաև Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից և համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»: