05/10/2010 15:13
Մայր Աթոռը կարող է մասնակցել Սուրբ Խաչում հաջորդ պատարագին
Անիի Մայր տաճարում նամազի արարողության անցկացումը չէր կարող պայմանավորված լինել Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների չմասնակցելով, այլ քաղաքական ակցենտ ունեցող երևույթ էր: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Չեմ կարծում, որ դա ընդամենը նամազի արարողություն էր: Սա քաղաքական ակցենտ պարունակող երևույթ էր, դրանով է պայմանավորված հենց քրիստոնեական տաճարում արարողություն անցկացնելը»,- ասաց հոգևորականը:
Ըստ բանախոսի` սովորաբար արմատական իսլամիստները խույս են տալիս այլակրոն պաշտամունքային վայրերում արարողություն կատարելուց, սակայն նշված դեպքը ընդամենը պարզ ուղերձ էր` ուղղված հայերին, որ ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական պաշտամունքային վայրերը պատկանում են Թուրքիային:
«Այսինքն, սա իրավատերերի հետքերը ջնջելու փորձ էր, այնպես ինչպես կատարվեց ցեղասպանությունից առաջ և հետո: Այս առումով է, որ Մայր Աթոռը դատապարտեց նման ակցիան, որն իր մեջ պարունակում էր կրոնական զգացումները քաղաքական նպատակներով շահարկելու փորձ», - պարզաբանեց եպիսկոպոսը:
Անդրադառնալով այն հարցին, թե խաչի տեղադրումից հետո արդյոք կմասնակցեն Մայր Աթոռի ներկայացուցիչները Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագին, դիվանապետը չբացառեց, որ հրավերը կընդունվի:
«Եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավեր ստանա Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելու, ապա հրավերը կքննարկվի և ամենայն հավանականությամբ, մասնակցություն կլինի», - ասաց եպիսկոպոսը` հավելելով, որ «երբ խաչն արդեն տեղադրված է` պատարագին մասնակցելու համար որևէ արգելք չկա»: