05/10/2010 15:49
ԱԺ պատգամավոր. «Հայ գերին կտտանքների հետևանքով է սպանվել»
«Ադրբեջանցիներին հատուկ է, երբ մարդուն այն վիճակի են հասցնում, որ կամ այդ մարդն է ինքնասպանություն գործում կամ էլ կտտանքների հետևանքով է մահանում: Սակայն ես համոզված եմ, որ հայ գերին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ կտտանքների հետևանքով է սպանվել»,- անդրադառնալով Ադրբեջանում սպանված հայ գերիին՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Կարեն Սարիբեկյանը:
«Ես համոզված եմ, որ այդ երիտասարդը կտտանքների հետևանքով է սպանվել, քանի որ հիշում եմ, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ գերիներ էինք փոխանակում Ադրբեջանի հետ, մեր գերիները միշտ լինում էին ահավոր վիճակում, ու պատմում էին, որ Ադրբեջանում իրենց անմարդկային պայմաններում են պահել, անընդհատ ծեծել են, ինչին գերիների մի մասը չի դիմացել և հենց այնտեղ էլ մահացել է»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով, այսօր Ադրբեջանը շարունակում է իր այդ գործելաոճը, ինչն անթույլատրելի է, և պետք է համապատասխան գնահատական ստանա միջազգային հանրության կողմից: