05/10/2010 16:47
Կ. Աճեմյան. Փաստն այն է, որ ՀՀ քաղաքացին ողջ չէ
«Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են բոլոր ուղղություններով, որպեսզի իրենց դրական, իսկ Հայաստանին` բացասական լույսի ներքո ընդունեն, սակայն փաստը մնում փաստ, որ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացին այլևս ողջ չէ»,- անդրադառնալով Ադրբեջանում Հայաստանի քաղաքացու սպանության դեպքին՝ Aysor-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանն ամեն ինչ արեց, երիտասարդին՝ այս դեպքում հովիվին, որպես հանցագործ ներկայացնելու համար, սակայն ադրբեջանցիները, նրա հարցազրույցները ցուցադրելով, մեկ անգամ ևս ապացուցեցիին, որ նա խոշտանգման էր ենթարկված:
«Դա առավել ակնհայտ ձևով երևում էր այն կադրերից, որոնք տեղադրվել էին ադրբեջանական կայքերում: Երիտասարդի դեմքին ակնհայտ կապտուկներ կային, դեմքն ուռած էր, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ նրան խոշտանգել էին, փորձել էին իրենց «հարմար խոստովանություն» կորզել, որպեսզի հերթական անգամ դա օգտագործեին՝ իրենց քարոզչական նպատակներին հասնելու համար»,- ասաց խորհրդարանականը:
Տիկին Աճեմյանի խոսքերով, Ադրբեջանի նման քայլերն անցնում են բարոյականության բոլոր սահմանները, և նա պետք է պատասխան տա հայ երիտասարդի սպանության համար: «Եթե նույնիսկ հովիվին չեն սպանել, ապա նրան հասցրել են այն բանին, որ նա վերջ է տվել իր կյանքին: Աշխարհի երեսին ոչ մի մահկանացու չի կարող դիմանալ անվերջ շարունակվող խոշտանգումներին ու նվաստացումներին: Ես կարծում եմ, որ միջազգային համապատասխան կառույցները անհրաժեշտ ձևով կարձագանքեն տեղի ունեցածին»,- հավելեց Կ. Աճեմյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին տեղեկություններ էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 11-ին, Արցախի հյուսիս-արևելյան հատվածից (դա այն նույն հատվածն էր, որի ուղղությամբ ադրբեջանցի դիվերսանտները սույն թվականի հունիս 18,-ին, օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին դիվերսիոն գործողություններ էին իրականացրել) մուտք են գործել Ադրբեջանի կողմից վերահսկվող շրջաններ և փորձել դիվերսիոն գործողություն իրականացնել: Ադրբեջանի ՊՆ-ն նաև հաղորդել էր, թե դա հայկական կողմին չի հաջողվել, և իրենք դիվերսանտ են գերեվարել՝ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանին:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից անմիջապես հետո, ԼՂՀ ՊԲ-ի ներկայացուցիչները հերքելով փաստը տեղեկացրել էին, որ Արցախի այդ հատվածում, նույնիսկ նման անուն-ազգանունով զինծառայող չկա:
Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 13-ին, Գեղարքունիքի մարզի ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել Թթուջուր գյուղի բնակիչ Սիրանուշ Սերգոյի Բալյանը, որը տեղեկացրել է, որ իր որդին՝ Մամվել Մամիկոնի Սարիբեկյանը (ծնված 27.02.1990), սեպտեմբերի 11-ին ժ.19.30-ի սահմաններում՝ անասունները փնտրելու նպատակով, դուրս է եկել տնից և գնացել Տավուշի մարզի «Քեղուտ» կոչվող սարամաս, որը գտվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում և այլևս չի վերադարձել: