05/10/2010 13:25
Մեկնարկեց ՎԷ շաբաթը
Այսօր Երևանում մեկնարկեց «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» երկրորդ համաժողովը: Այն կազմակերպել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՎԷԷՀ) և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների կենտրոնը` ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ:
«Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացումը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս հիմնադրույթն ամրագրված է ՀՀ էներգետիկ և անվտանգության ոլորտները նկարագրող փաստաթղթերում ու ընդգրկված է կառավարության մինչև 2025 թ. գործողությունների ծրագրում»,- իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Որպես հանրապետության համար զարգացման հատկապես մեծ ներուժ ունեցող ճյուղեր` նախարարը նշեց հիդրո, արեգակնային և հողմաէներգետիկ ռեսուրսների յուրացման, երկրաջերմային էներգիայի ոլորտները, իսկ կենսազանգվածային թափոնների շարժիչային վառելիքի արտադրության հիմնումը, ըստ նրա, Հայաստանում կարող է դառնալ ռազմավարական նշանակության գործոն:
Ա. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ներկայումս կառավարության քննարկմանն է ներկայացված առաջիկա 3 տարիների համար մշակված էներգախնայողության գործողությունների ծրագիրը, որն ուղղված է ազգային ծրագրի իրականացմանը:
Չորսօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 200 գիտնականներ, էներգետիկներ, գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՎԷ շաբաթվա ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացման առկա հիմքերը և հնարավոր զարգացումները, Հայաստանում ՎԷ ռեսուրսների առկայությունը և դրանց իրացման ներկա մակարդակը, ներառյալ փոքր հիդրոկայաններ, հողմաէներգետիկա, կենսաէթանոլ, արևային տեխնոլոգիաներ, կենսագազ, ջրածնային էներգետիկա և այլն, ՀՀ-ում ՎԷ տեխնոլոգիական զարգացման ներուժը և ֆինանսավորման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ ՎԷ շաբաթվա ընթացքում կազմակերպվելու են շնորհանդեսներ, թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, այց դեպի արևային խոհանոց, որտեղ հյուրերը կհամտեսեն Հայաստանի ջերմ արևով պատրաստված ուտեստներ` միաժամանակ ծանոթանալով տեխնոլոգիական լուծումներին և տեխնիկատնտեսական ցուցանիշներին: ՎԷ շաբաթը հյուրընկալել է նաև Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության փառատոնի մասնակիցներին: