05/10/2010 11:09
Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի ուսուցիչներին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ուսուցիչներին` մասնագիտական տոնի առթիվ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` Բակո Սահակյանի ուղերձում ասված է.
«Սիրելի ուսուցիչներ
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ և սրտի խորքից բխող ջերմ խոսքեր ու անկեղծ բարեմաղթանքներ հղում բոլորիդ:
Մեծ պատասխանատվություն և ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին, ովքեր հերոսական Արցախի ապագան են ու վաղվա տերը: Այդ ապագան մեծապես կախված է նաև ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից, նրանից, թե ինչպես եք դուք այսօր իրականացնում այդ չափազանց կարևոր առաքելությունը:
Մեր ժողովուրդը միշտ պատվել է ուսուցչին ու խոնարհվել նրա վաստակի առաջ: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր հասարակության կյանքում: Եվ դրանով է պայմանավորված, որ Արցախի իշխանությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում ուսուցիչների համար աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծելու, կրթության որակը բարձրացնելու, ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք, այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»: