05/10/2010 15:00
Եվրոպական տարածաշրջանային սեմինարը ՀՄԿ-ն անցկացնում է Հայաստանում
Հոկտեմբերի 5-ից 8-ը Համաշխարհային մաքսային կազմակերպության /ՀՄԿ/ կողմից Հայաստանում անցկացվող սեմինարի նպատակն է` աջակցել ռիսկերի կառավարման մշակույթի ներդրմանը մաքսային համակարգում, նպաստել ռիսկերի գնահատման կիրառմամբ մաքսային հսկողության համակարգի կատարելագործմանը` նկատի առնելով, որ ռիսկերի կառավարումը մաքսային վարչարարության առանցքային մեխանիզմներից մեկն է և բխում է 21-րդ դարի մաքսային ծառայության մարտահրավերներից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ռիսկերի կառավարումը» ՀՄԿ-ի տարածաշրջանային սեմինարներից է, որոնք անցկացվում են աշխարհի 6 տարածաշրջաններում: Եվրոպական տարածաշրջանի սեմինարը մեր երկրում անցկացնելու գաղափարը ծրագրվել էր դեռևս անցյալ տարի հոկտեմբերին` ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայաստան կատարած այցի ընթացքում:
Մասնակիցները մոտ 20 եվրոպական երկրների ներկայացուցիչներ են: Սեմինարն անցկացնում են Ավստրալիայից և Ֆիլանդիայից ժամանած փորձագետները: Սեմինարը ինտերակտիվ բնույթ է կրում. մասնակիցներն ակտիվորեն ներգրավվելու են բոլոր քննարկումներին: Նրանք կծանոթանան ՀՄԿ-ի` ռիսկերի կառավարման հիմնական սկզբունքներին:
Ընդգծելով ռիսկերի կառավարման կարևորությունը նաև Հայաստանի մաքսային ծառայության համար` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ելույթում նշել է. «Ռիսկերի կառավարումն այսօր համարվում է ժամանակակից մաքսային վարչարարության առաջնային սկզբունքներից մեկը: Չեմ կասկածում, որ այս հանդիպման արդյունքում մեկ քայլ առաջ կկատարենք ռիսկերի կառավարման ոլորտում մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացման և խորացման ուղղությամբ»:
Ռիսկերի կառավարումը նախատեսում է մի շարք առավելություններ` ռազմավարական աջակցություն, բիզնեսի ծրագրավորում, մաքսային ընթացակարգերի պարբերաբար կատարելագործում, անցանկալի անակնկալների նվազեցում, նոր հնարավորությունների ու հեռանկարների արագ գնահատում:
Ըստ Գագիկ Խաչատրյանի` ռիսկերի կառավարման արդյունքում հնարավոր է հասնել մաքսային հսկողության և առևտրի պարզեցման միջև հավասարակշռության, հսկողությունն առավելապես կենտրոնացնել տեղափոխվող ապրանքների և ուղևորների ՙռիսկային՚ համարվող հատվածի վրա: Ավելին, ռիսկերի կառավարմամբ հնարավոր է քիչ ծախսերի հիման վրա և առանց մարդկային միջամտության ավելի արագ հասնել նպատակի իրագործմանը. «Ռիսկերի կառավարումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, նրա շնորհիվ հնարավոր է առավել արդյունավետ կառավարել մաքսային համակարգը` միաժամանակ չխոչընդոտելով ազատ առևտուրը, այսինքն` ոլորտը քիչ միջամտությամբ առավել վերահսկելի դարձնել»:
Հարցին, թե որ երկրներն են Հայաստանում առավել ռիսկային համարվում, Գ Խաչատրյանը պատասխանել է.«Մեզ մոտ ռիսկային երկրներ են համարվում Թուրքիան, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները. այդ երկրներից տուրիստական բեռների ներկրումն ավելի շատ է ռիսկային գործոն պարունակում. դա վերաբերում է մասնավորապես ներկայացվող հաշիվ-ապրանքագրերին, սակայն հիմնական ապրանքաշրջանառությունը կատարվում է ոչ ռիսկային համարվող երկրների հետ»:
Սեմինարին մասնակցող ՀՄԿ ներկայացուցիչ Ստեֆան Անիշեվսկին, նկատելով, որ բոլոր երկրների համար ռիսկային չափանիշները տարբեր են, նշել է, որ կոնկրետ երկրի համար ռիսկերի ուսումնասիրություն չի կատարվել` այդ թվում Հայաստանում. ՙՍա տարածաշրջանային սեմինար է, և մոտեցումն ընդհանուր է բոլոր երկրների մակարդակով, այսինքն` մենք պետք է աշխատենք միասնական մեթոդաբանություն մշակել տարածաշրջանում տարաբնույթ ռիսկերը կառավարելու նպատակով: Սեմինարից հետո արդեն Հայաստանը կարող է ինքնուրույն ուսումնասիրություն և վերլուծություն կատարել` կոնկրետ տեղի մաքսային ծառայությանը բնորոշ ռիսկերի կառավարման առավել արդյունավետ տարբերակներ կիրառելու ուղղությամբ»:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքով էլ` ռիսկերի բացահայտումն ու կառավարումը վերջին ժամանակներս բոլոր մաքսային ծառայությունների ուշադրության կենտրոնում է: Այս սեմինարի ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռիսկերի կառավարման ոլորտում իրենց երկրների կուտակած փորձը, ինչի հիման վրա էլ ընդհանուր վերլուծություններ կկատարվեն: