06/10/2010 14:53
Բելառուսի դեսպան. Մինսկն անաչառ է ԼՂ հարցում
Պաշտոնական Մինսկը տարբեր մակարդակներում շարունակաբար հայտարարել է, որ սատարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և ամբողջական կարգավորմանը, որը պետք է հիմնած լինի միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա, ինչպես նաև այն, որ հիմնախնդրի լուծումը պետք է արտահայտի բոլոր կողմերի շահերը: Այսօր այդ մասին հայտարարեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոն` պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք չի աղավաղում ադրբեջանական մամուլը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, նշելով, թե պաշտոնական Մինսկը սատարում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
«Այս թեմայի շրջանակներում շահարկումները բավական շատ են լինում: Մենք ոչ ոքի կողմից չենք»,- ասաց դեսպանը:
Խոսելով Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին, Բելառուսի դեսպանը շեշտեց, որ այն կարող է լուծվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Մենք այսօր Մինսկի խմբի այլընտրանք չենք կարող տեսնել: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան կարգավորումը պետք է տեղի ունենա միայն Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց Բելառուսի դեսպանը:
Նա նաև հավելեց, որ, ըստ իր մասնավոր կարծիքի, անհիմն են նաև Մինսկի խմբի համանախագահ դառնալու Թուրքիայի ձգտումները:
«Ներկա պահին համանախագահների ձևաչափը փոխելու կամ որևէ նոր կողմի մասնակցության անհրաժեշտություն չկա»,- ասաց դիվանագետը:
Ըստ Ստեպան Սուխարենկոյի` դեռ շատ վաղ է խոսել նաև Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և հաշտության պայմանագրի նպատակով Մինսկում կայանալիք համաժողովի մասին:
«Բելառուսը չէ, որ պետք է որոշի, թե երբ կկայանա այդ համաժողովը»,- ասաց նա: