07/10/2010 13:32
Orange-ը գործարկեց Հայաստանում ինտերնետ խանութը
Այսօր Orange-ը գործարկեց Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում առաջին ինտերնետային խանութը: Այս նորարարական գործիքն այսուհետ թույլ կտա բաժանորդներին գնումներ կատարել անմիջապես տանից կամ աշխատավայրից:
Ինտերնետ խանութ կարելի է այցելել Orange-ի պաշտոնական կայքից կամ eshop.orangearmenia.am հասցեով: Այստեղ կարելի է գտնել Orange-ի խանութներում ներկայացված հեռախոսների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ 1 տարվա պայմանագրով կամ առանց պայմանագրի: Ինտերնետ խանութից կարելի է գնել նաև Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների քարտեր, ինչպես նաև վերալիցքավորել հաշիվը կամ կատարել ամսական բաժանորդագրության վճարումները:
Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, ինտերնետ խանութում գնումներ կարելի է կատարել ARCA համակարգով աշխատող բանկային քարտերով, իսկ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան վճարումը կատարել նաև կանխիկ: Առաքումը կիրականացվի Երևանում` 24, իսկ Հայաստանի մարզերում` 72 ժամվա ընթացքում:
«Մեր ցանկությունն է մեր առաջարկները հասանելի դարձնել բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր խնդիրներ ունեն տանից դուրս գալու համար կամ պարզապես ժամանակ չունեն գնումներին տրամադրելու համար: Այս առումով ինտերնետ խանութը ևս մեկ հնարավորություն է` մոտ լինելու մեր հաճախորդներին: Այսուհետ նրանք նույնիսկ խանութ այցելելու կարիք չեն ունենա, որովհետև մենք ինքներս կհասցնենք ընտրված ապրանքը կամ ծառայությունը նրանց ցանկացած հասցեով», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ինտերնետ խանութից գնված ապրանքների համար հետվաճառքային և երաշխիքային սպասարկման պայմանները նույնն են, իսկ առաքման վճարը կախված կլինի առաքման հասցեից. Երևանում` 500, իսկ մարզերում` 2500 դրամ: