07/10/2010 12:02
Ֆրանսիան ցանկանում է դառնալ Հայաստանի տնտեսական գործընկերը
Այսօր Երևանում ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի շրջանակներում մեկնարկեց հայ-ֆրանսիական գործարար համաժողովը: Այն նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության և Մարսելում գտնվող Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատները:
Շուրջ 30 ֆրանսիացի և ֆրանսիահայ գործարարների պատվիրակության ղեկավար, Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Անժել Մելքոնյանը նշեց, որ համաժողովին մասնակցող տարբեր ձեռնարկությունների ղեկավարներ ցանկություն ունեն հանդիպել հայ գործարարների հետ և քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր:
«Ֆրանսիան վաղուց ի վեր Հայաստանի քաղաքական գործընկերն է և ցանկանում է դառնալ նաև տնտեսական գործընկեր: Այս հարցում մեծ դեր ունեն ԱԱՊ-ները: Մեր գլխավոր առաքելությունն է երկու երկրների ձեռնարկությունների ծանոթացումը, որը թույլ կտա կատարել փորձի, տեխնոլոգիաների փոխանակում»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Նրա խոսքով, պատվիրակության մյուս առաքելություն է Հայաստանի և Ֆրանսիայի ուսանողների փոխանակում կազմակերպելը, հատկապես` տնտեսագիտական ոլորտի, որոնք հետագայում հնարավորություն կունենան զբաղվել ձեռնարկատիրությամբ:
Երևանի ԱԱՊ նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանի գործարարներն «անում են այն, ինչ կարող են անել», սակայն հնարավորությունները սահմանափակ են ճանապարհների խնդրի պատճառով:
«Մեր հիմնական ռեսուրսները մարդկային հարստությունն է և բնության տված բարիքները»,- ասաց Ա. Ալեքսանյանը:
Հավելենք, որ երկօրյա համաժողովին մասնակից ֆրանսահայ գործարարները ներկայացնում են զբոսաշրջության, էլեկտրականության, թեթև արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի, հիգիենայի պարագաների, հանքարդյունաբերության, վարսահարդարման և այլ ոլորտներ։