07/10/2010 12:31
ԳՈՀԱՐ-ի ելույթը հիացրեց Լիբանանի հանդիսատեսին
ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ Նվագախումբն ու Երգչախումբը, որ միջազգայնորեն ծանոթ է աշխարհի տարբեր քաղաքներում ունեցած իր ելոյթներով, հանդես եկավ Լիբանանում` ութ տարվա ընդմիջումից հետո։ Տոմսերը ելույթից շատ օրեր առաջ արդեն սպառված էին, ներգրավելով աշխարհի տարբեր անկյուններից եկած հանդիսատեսներ ու երկրպագուներ, որոնց թե՛ սիրտն ու թե՛ միտքը հմայված էին Լիբանանի, Զուք Միքայելի Հռոմեական Ամֆիթատրոնում տեղի ունեցած ԳՈՀԱՐ-ի կատարումներով։ Ոչ միայն Ամֆիթատրոնի առինքնող գեղեցկությունը, այլև Միջերկրական ծովի զեփյուռի բուրմունքը կռվան հանդիսացան բերդի մեծաշուք տեսքի համար, որ կառուցված էր` հանդիսադեսին հիշեցնելու համար փառապանծ Կիլիկիայի Թագավորությունը, որ ժամանակին բնօրրանն էր այն Հայերի, ովքեր Միջին Արևելքում հաստատվեցին մոտավորապես մեկ դար առաջ, իրենց հայրենիքից տարագրվելուց հետո։
Ներկայացումների աստղն էր Կիպրահայ մաեստրո Սեպուհ Աբգարյանը, որ Սիմֆոնիկ Նվագախումբն ու Երգչախումբը ղեկավարում էր իր նրբազգաց ճաշակով ու հանճարով։ Ծրագրի առաջին մասը ընդգրկում էր դասական, սիրային և ժողովրդական երգեր, ինչպես նաև գործիքային կտորներ, որոնք հատուկ մշակված էին ԳՈՀԱՐ-ի համար, շեշտը դնելով հայկական, ավանդական գործիքների վրայ, ինչպիսիք են Դուդուկը, Քանոնը և Դհոլը։ Այս բոլորը միաձուլված էին` հանդիսատեսին փոխանցելու համար Հայկական հարուստ ժառանգության ու մշակույթի կարոտը։ Կարճ ընդմիջումից հետո, հայտագրի երկրորդ մասը սկսվեց համաձույլ ջազով, որ ոգևորեց երիտասարդ ու տարեց հանդիսատեսներին յուրահատուկ կատարումով ու զանազան գործիքների օգտագործումով՝ ներառյալ Հայկական Զուռնան։ Հանդիսատեսը ոգևորվեց ու որոտացին ծափահարությունները, որոնք ազդանշան էին Նվագախումբին` դարձյալ նոր թրթիռ հաղորդելու Ամֆիթատրոնին։ Կենսախինդ մթնոլորտից հետո, հայտագիրը ուղվեց դեպի հայրենասիրական երգեր։ Մինչ տրտում մեղեդիները վերհուշ էին Հայ ժողովրդին կրած տառապանքի, վշտի ու ցավի, ԳՈՀԱՐ-ը կենսուրախ և կորովի հարվածների կշռույթով, որ նման էր տողանցային արշավի, տեղափոխեց հանդիսատեսին դեպի Հայկական հերոսական անցյալը։ Ելույթների առումով, առանցքային բաժին էր նաև պարուհիների գերմասնագիտական կատարումն` իրենց շնորհունակ կատարումներով, նազելաշուք կեցվածքով ու հրապուրիչ ժպիտով՝ Հայկական անեղծ մեղեդիների ընկերակցությամբ։
«Վերականգնիր Կիլիկիաե երգը, որ գրված է ԳՈՀԱՐ-ի համար, դարձավ հայտագրի նախընտրելի կտորը, որը խանդավառեց հանդիսատեսներին, մասնավորապես, երբ նրանք հպարտությամբ ու պատվով սկսեցին ծածանել ԳՈՀԱՐ-ի կողմից տրամադրված Կիլիկիայի Թագավորության դրոշները։ Ելույթների ժամանակ, ԳՈՀԱՐ-ի հետ հադիսատեսի մասնակցությունը հիշարժան երևոյթ էր. բեմն ու հանդիսատեսը միաձուլվեցին իրար, անձկությամբ վկայելու Կիլիկիայի Թագավորության վերականգնումն ու նրա հնամենի փառքը։ Երբ հայտագիրը ավարտվում էր, զվարթ մթնոլորտում, հանդիսատեսը պարտադրեց նվագախմբին հրամցնել ևս վեց կտորներ, որոնցից հետո Զուք Միքայելի փառագեղ Ամֆիթատրոնում տեղի ունեցող ԳՈՀԱՐ-ի ելույթների հոյակապ ավարտը նշանակալից դարձավ փայլատակող հրավառությամբ ու դրա գունազարդ շողարձակումներով։ Վերջին կատարումն, իր ընդհանուր շքեղությամբ հարստացած, անթերի մշակված երգի, պարի ու մնջախաղի այլ հրաշակերտ միաձուլումն էր։ Անդադրում և որոտալից ծափահարությունների արձագանգը երկինքը լիցքավորեց հզոր ու ազնվական զգացումներով։ Ծաղիկներով զարդարուած սրահը հանկարծ լցվեց ոգևորված բազմությամբ, որոնք շնորհավորում էին արվեստագետներին իրենց բացառիկ կատարումների համար։
ԳՈՀԱՐ-ը հիմնադրվել է 1997-ին, Հայ մշակույթի մեկենաս, Լիբանանահայ Հարութ Խաչատուրյանի կողմից, ով հովանավորն է ԳՈՀԱՐ-ի ընդհանուր գործունեության և աշխարհում կատարած բոլոր համերգների` ներառյալ Լիբանանյան վերջին ելույթները։ Համույթի անվանումը կատարված է ի պատիվ իր մոր՝ Գոհար Խաչատուրյանի և ի հիշատակ հոր՝ Արամ Խաչատուրյանի։
ԳՈՀԱՐ-ը ոչ միայն դյութեց հանդիսատեսին երեք օրերի ելույթների ժամանակ, այլև խորհրդանշականորեն դարձավ այն միակ էությունը, որ վերազարթնեց ու հրապարակեց Հայ մշակույթն ու Այբուբենը իբրև նորոգված ուխտ, որպեսզի նոր սերունդը հանձնառությամբ` դրանք պահի իբրև վեհ նպատակ ու դատ։
Համերգներից առաջացած գումարը պետք է տրամադրվի Լիբանանի կարիքավոր Հայ դպրոցներին։