07/10/2010 14:17
Գ. Մելիքյան. Ադրբեջանի քայլերը բնորոշ են միայն ահաբեկիչներին
«Հայաստանի քաղաքացու գերեվերումը, ապա նրան սպանելը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը թքած ունի միջազգային կառույցների և միջազգային իրավունքների նորմերի վրա: Դա առաջին հերթին վերաբերում է Կարմիր Խաչի միջազգային կոմտեին, որի աշխատակիցներին, ի դեպ Ադրբեջանը չթույլատրեց հանդիպել հայ հովվի՝ Մանվել Սարիբեկյանի հետ, դրանով իսկ թաքցնելով բռնության այն հետքերը, ինչը նրա մասին ցուցադրվող կադրերում պարզ երևում էր: Կոպտորեն խախտվել են նաև Ռազմագերիների մասին միջազգային կոնվենիցայի դրույթները»,- այս մասին Aysor.am-ին հայտնել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
Պատասխանելով Aysor.am-ի դիտարկմանը, թե ՀՀ ԱԳ նախարարն Ադրբեջանի այս գործելաոճը ահաբեկչություն է որակում՝ Գ. Մելիքյանն ասաց. «Ես միանշանակորեն համաձայն եմ ԱԳ նախարարի որակումներին, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից իրականացված լկտի ու չհաշվարկված քայլերը բնորոշ են միայն ահաբեկիչներին»:
Պատգամավորի համոզմամբ՝ եկել է այն պահը, որ միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի Ադրբեջանի «այլանդակ գործողությունները» և հստակ քայլեր ձեռնարկի՝ նման միջադեպերը իսպառ վերացնելու ուղղությամբ: