08/10/2010 09:23
Առաջարկ` ՀՀ և ՌԴ մարզերի ղեկավարների համաժողով անցկացնել Երևանում
Երևանում 2011թ. սկզբին Հայաստանի և Ռուսաստանի մարզերի ղեկավարների համաժողով անցկացնելու առաջարկով է հանդես եկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության Ռուսաստանի սուբյեկտների հետ կապերի բաժնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը:
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության Ռուսաստանի սուբյեկտների հետ կապերի բաժնի ղեկավարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` նման հայտարարություն Նիկողոսյանն արել է Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ին անցկացվող ԱՊՀ ռուսական համայքների ներկայացուցիչների հավաքի ընթացքում:
Ըստ Նիկողոսյանի, համաժողովի նպատակն է քննարկել միջտարածաշրջանային գործնական համագործակցության հարցերը: Նրա խոսքով, եկող տարվա սկզբին Երևանում նախատեսվում է առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային արդյունաբերական նորարարությունների ցուցահանդեսը, որի շրջանակներում էլ կարող է կայանալ համաժողովը: Իր ելույթում Նիկողոսյանը նշել է, թե ողջ թափով ընթանում է Հայաստանի տարածքում «ՈՒԱԶ-Պատրիոտ» մեքենաների հավաքման գործարանի ստեղծման նախագծի մշակումը: Փոխշահավետ հարաբերությունների շարքում Նիկողոսյանը նշել է համագործակցությունը նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:
Բաժնի ղեկավարը քննադատել է Հայաստանի և Ռուսաստանի մարզերի միջև գործարար կապերի մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ դրանք այլկերպ կլինեն: