08/10/2010 13:39
Հայաստան-Սլովենիա արտահանումը զրո է. Իրավիճակը կփորձեն շտկել
Հոկտեմբերի 11-ին Երևանում Սլովենիայի նախագահ Դանիլո Տիրկի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենա հայ-սլովենական գործարար համաժողով: Այն կազմակերպում է Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ):
ԶՀԳ-ից Aysor-ին հայտնեցին, որ երկու երկրների գործարարներին կողջունեն Հայաստանի և Սլովենիայի Էկոնոմիկայի նախարարներ Ներսես Երիցյանը և Դարյա Ռադիչը:
«Գործարարներին կներկայացվեն ՀՀ և Սլովենիայի գործարար ու ներդրումային միջավայրները, տեղի կունենան նաև գործնական հանդիպումներ»,- նշեցին ԶՀԳ-ից:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Համագործակցության հուշագրի ստորագրում Զարգացման հայկական գործակալության և Սլովենիայի հանրապետության Ձեռներեցության ու Օտարերկրյա ներդրումների պետական գործակալության միջև:
Երեկոյան համաժողովի մասնակիցների առջև ելույթ կունենան երկու երկրների նախագահները:
Հավելենք, որ 2009 թ. Հայաստան-Սլովենիա ապրանքաշրջանառությունը կազմել է 9.6 մլն դոլար, սակայն դա միայն ներմուծում է եղել, իսկ արտահանումն ընդհանրապես բացակայել է: Սլովենիայից Հայաստան հիմնականում ներմուծվել են դեղագործական ապրանքներ, եթերային յուղեր, օծանելիք, կոսմետիկա, մեքենաշինական և էլեկտրական սարքավորումներ: 2008 թ. Հայաստանից Սլովենիա է արտահանվել ընդամենը 3 մլն դոլարի խմիչք և քացախ: