08/10/2010 14:31
Հայ բանկիրների և ֆինանսիստների համաժողովը` հոկտեմբերի 17-19-ին
Հոկտեմբերի 17-19-ը Երևանում կկայանա հայ բանկիրների և ֆինանսիստների առաջին համաժողովը: Ինչպես այսօր ասուլիսում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, համաժողովին մասնակցելու են ոլորտի շուրջ 100 մասնագետներ Սփյուռքից և Հայաստանից: Համաժողովը կազմակերպում են Սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը:
«Կայացած, ուժեղ բանկային համակարգի ներկայացուցիչները, ֆինանսիստներն իրենց փորձն ու գիտելիքները քննարկումների ընթացքում կփոխանակեն և կօգնեն, որպեսզի այս ճգնաժամի հաղթահարման գործընթացը սահուն անցնի»,- նշեց Հ. Հակոբյանը:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է համախմբել աշխարհասփյուռ հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժը, մշակել Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմներ, ստեղծել ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցություն և դրա հիման վրա ձևավորել մասնագիտական ցանց:
«Սփյուռքի նախարարությունը կարող է խթանել, բայց մասնագետերն իրենք պետք է համատեղ ծրագրեր մշակեն և իրականացնեն: Մեր նպատակը նրանց մեկտեղելն է»,- ընդգծեց Հ. Հակոբյանը:
Համաժողովի մասնակիցները կքննարկեն ՀՀ ֆինանսական համակարգի զարգացումների, մարտահրավերների ու ձեռքբերումների, բանկային համակարգի մատուցած ծառայությունների, ֆինանսական կրթության և այլ թեմաներ: