08/10/2010 13:51
ՄԻՊ-ը Սարիբեկյանի հարցով դիմել է ԿԽՄԿ-ին ու Համմարբերգին
Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Ադրբեջանում գերի ընկած, այնուհետև մահացած Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նամակով դիմել է Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգին:
«Նամակում նշել ենք, որ մի քանի աղաղակող խախտումներ կան` նա քաղաքացիական անձ է եղել: Նրան ներկայացրել են որպես գերի ու անունը դրել «դիվերսանտ», որովհետև միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից գերին չի կարող լինել քաղաքացիական անձ», -ասաց օմբուդսմենը:
Ըստ Ա. Հարությունյանի` Ադրբեջանի կողմից թույլ տված հումանիտար իրավունքի մյուս խախտումն այն է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գերեվարված ՀՀ քաղաքացուն չեն կարողացել այցելել:
«Խախտում է նաև այն, որ նույնիսկ գերիի դեպքում, նրանից հարցազրույց է վերցվել ու ներկայացվել ամբողջ աշխարհին: Խախտում է նաև այն, որ 25 օր մարդու հետ չեն հանդիպել…», - նշեց օմբուդմենն` ընդգծելով, որ ԿԽՄԿ-ին ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին դիմելուց բացի` այլևս ոչինչ չեն կարող անել, քանի որ Ադրբեջանի իր գործընկերը հրաժարվում է աշխատել հայկական կողմի հետ, ինչը կբացառեր նման դեպքերը:
«Ցանկալի կլիներ անմիջապես աշխատել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, բայց, ցավոք, Ադրբեջանի օմբուդսմենը կտրականապես չի համագործակցում մեզ հետ ու մենք չենք կարող անմիջապես նրանց հետ շփվել»,-ասաց Արմեն Հարությունյանը: