08/10/2010 15:44
ԵՊՀ ուսանողներ. ԵԱՀԿ-ն պետք է դադարի զիջել Ադրբեջանի սադրանքներին
Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ Նոր Ջուղա փաստահավաք խումբ ուղարկելու պահանջ-հայտարարությամբ դիմել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` պահանջելով, որ այնտեղ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված մի շարք այլ տարածքներում ևս փաստահավաք խմբեր ուղարկեն` ուսումնասիրություններ կատարելու և տեսնելու` ինչ են արել ադրբեջանցիները հայկական հուշարձանների, պատմամաշակութային արժեք ներկայացնող հուշակոթողների հետ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին իրենք` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը և մի շարք այլ ուսանողներ:
«ԵԱՀԿ փաստահավաք խումբը պետք է ոչ միայն ուսումնասիրություններ կատարի Լեռնային Ղարաբաղի տարածքներում, այլև` Նոր Ջուղայում, Գետաշենում, Մարտունաշենում»,- ասաց Ց. Ակոպյանը և հավելեց, որ ԵԱՀԿ-ն պետք է վերջապես դադարի զիջել Ադրբեջանի և նրա վարած սադրիչ քայլերին:
Իրենց հայտարարությունից օրեր անց, ըստ ուսխորհրդի նախագահի, ադրբեջանական լրատվամիջոցներում «ինչ-որ ադրբեջանական երիտասարդական ասոցիացիայի կողմից հայտնվել է նմանատիպ հայտարարություն, թե իրենք հայկական կողմին ևս պատասխան կտան և կպատասխանեն ԵՊՀ-ի ուսանողների արած հայտարարությանը»: Սակայն ինչպես նշեցին ուսանողները, դեռ որևէ պատասխան չկա:
Երիտասարդները հույս հայտնեցին, որ ԵԱՀԿ փաստահավաք խմբի իրականացրած ուսումնասիրություններն արդյունավետ կլինեն և իրենց նպատակին կծառայեն:
Ուսանողները միևնույն ժամանակ ցավալի համարեցին նաև այն, որ հայ հովվի սպանության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ն լռում է, և «իր լռությամբ նպաստում, որ Ադրբեջանը շարունակի իր քայլերը »: