09/10/2010 11:52
Իրան. ՀԲ-ն «խտրականորեն» է վերաբերվում Թեհրանին
Համաշխարհային բանկը (ՀԲ) խտրական վերաբերմունք է դրսևորում Իրանի հանդեպ, ուրբաթ հայտարարել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Շամսեդդին Հոսեյնին, ով Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և ՀԲ ղեկավար մարմինների տարեկան հավաքին:
Ինչպես պարզաբանել է Հոսեյնին, Թեհրանի պահանջը ՀԲ-ից այն է, որ այս միջազգային կազմակերպությունը 2005 թ-ից հրաժարվում է վարկային միջոցներ հատկացնել զարգացման և հումանիտար ծրագրերի համար, չնայած նրան, որ դրանց վրա չեն տարածվում Իրանի հանդեպ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցները:
Նրա խոսքով, Թեհրանը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՀԲ իրավաբաններին, և նրանք հաստատել են, որ «հումանիտար և զարգացման նախագծերը պատժամիջոցների ազդեցության տակ չեն»: «Ւրավաբանների եզրակացության մեջ ոչ մի հիմնավորում չի բերվում հարաբերությունների (ՀԲ և Իրան) կրճատման և այդպիսի նոր նախագծերի ֆինանսավորումից հրաժարվելու համար»,- ասել է իրանցի բարձրաստիճան մասնագետը:
Այդպիսով, ընդգծել է նա, «իմ հարցն է` ինչի՞ վրա է հիմնված նման վարքը. բարեխիղճ կառավարման, թե՞ քաղաքական դիրքորոշման»: Մեջբերելով ՀԲ կանոնագրքի որոշ կետեր, Հոսեյնին հիշեցրել է, որ ՀԲ-ին արգելված է «անդամ-երկրների քաղաքական գործունեության մեջ որևիցէ միջամտություն»: Նախարարը հավելել է, որ նախկինում հավանության արժանացած վարկերի շրջանակներում, անտեսելով Իրանին ֆինանսական միջոցների տրամադրման դադարեցումը, ՀԲ-ն շարունակում է դրանց տոկոսների հաշվարկը, հաղորդում է Վզգլյադը` հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: