11/10/2010 13:14
Հայ-իրանական ամենակարևորագույն նախագիծը երկաթգծի կառուցումն է
Հայ-իրանական հարաբերությունները զարգացում ապրեցին հատկապես Հայաստանի պետականության ձեռքբերումից հետո: Ներկայում դրանք գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Մեզ համար, իսկապես, Իրանը բարեկամ երկիր է: Իսկ այսուհետ Իրանի նշանակությունը մեզ համար դառնում է ավելի ռազմավարական, քանի որ երկաթգծի կառուցմամբ Հայաստանը հնարավորություն կունենա կարճ ճանապարհով դուրս գալ դեպի Պարսից ծոց»,- ասաց քաղաքագետը:
Ասուլիսին ներկա ոազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, համաձայնելով քաղաքագետին, հավելեց. «Եթե մենք ունենանք երկաթգիծ, մենք ավելի հստակ հանդես կգանք ղարաբաղյան բանակցություններում և հայ-թուրքական հարաբերություններում»:
Անդրադառնալաով Ղարաբաղյան հարցի կարգավորմանը` իրանագետ Մհեր Բաղդասարյանն իր հերթին ասաց, որ Իրանը գտնում է` Արցախի հարցը պետք է լուծվի տարածաշրջանային երկրների միջոցով:
Խոսելով Արևմուտքի և Իրանի միջև Հայաստանի միջնորդության մասին` իրանագետը նշեց, որ Հայաստանը դեռ այնքան էլ կայացած չէ տարածաշրջանում, որպեսզի այդ միջնորդությունն իր վրա վերցնի. «Սակայն, պետք է նշել, որ Հայաստանն ավելի շատ հնարավարություն ունի այդ միջնորդության, քան հենց նույն Ադրբեջանը կամ Թուրքիան»,- ասաց Բաղդասարյանը և հիշեցրեց` Հայստանն ունի լավ դիրք, որը պետք է օգտագործել որքան հնարավոր է շատ: