11/10/2010 14:49
Մեկնարկեց հայ-սլովենական գործարար համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց հայ-սլովենական գործարար համաժողովը, որը տեղի է ունենում Սլովենիայի նախագահ Դանիլո Տիրկի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: Համաժողովը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ):
Համաժողովի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սամուել Զբոգարը, ինչպես նաև ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Ռ. Հարությունյանը հույս հայտնեց, որ համաժողովը կանցնի բարձր արդյունավետությամբ: Նա նշեց, որ համաժողովին մասնակցում են Սլովենիայից ժամանած 35-40 գործարարներ, որոնք ներկայացնում են այն ոլորտները, որտեղ Հայաստանն առաջընթաց է արձանագրել:
«Դա նշանակում է, որ այսօրվա համաժողովից կարելի է ակնկալել կոնկրետ արդյունքներ»,- նշեց Ռ. Հարությունյանը:
Սլովենական ընկերությունները ներկայացնում են առևտրի, շինարարական սարքավորումների, շինանյութերի, ջրի կառավարման, զբոսաշրջության, հեռահաղորդակցության և ինֆորմատիկայի, ճանապարհաշինության, աղբահանման կառավարման, էլեկտրատեխնիկական սարքավորումների, էլեկտրաէներգիայի, շրջակա միջավայրի պահպանման, սննդարդյունաբերության, առողջապահության, նավթ և նավթամթերքի, բանկային և այլ ոլորտներ:
Համաժողովի ընթացքում Համագործակցության հուշագիր ստորագրվեց Զարգացման հայկական գործակալության և Սլովենիայի Ձեռներեցության ու Օտարերկրյա ներդրումների պետական գործակալության միջև: Գործարարներին ներկայացվեցին ՀՀ և Սլովենիայի գործարար ու ներդրումային միջավայրները:
Համաժողովը կեզրափակվի երկու երկրների նախագահների ուղերձներով:
Նշենք, որ 2009 թ. Հայաստան-Սլովենիա ապրանքաշրջանառությունը կազմել է 9.5 մլն դոլար, սակայն դա միայն ներմուծում է եղել, իսկ արտահանում չի եղել: Սլովենիայից Հայաստան հիմնականում ներմուծվել են դեղագործական ապրանքներ, եթերային յուղեր, օծանելիք, կոսմետիկա, մեքենաշինական և էլեկտրական սարքավորումներ և այլն: 2008 թ. Հայաստանից Սլովենիա է արտահանվել ընդամենը 3 մլն դոլարի խմիչք, սպիրտ և քացախ: