11/10/2010 15:50
ՀՀ նախագահ. ԼՂ-ը պետք է լիարժեքորեն միանա բանակցություններին
ԼՂ հիմնախնդրի հեշտությամբ լուծմանը կարելի է գալ միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն միանա բանակցություններին, այսօր Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ավելի ճիշտ` որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանա բանակցություններին, այնքան դրական լուծման առումով մեր ակնկալիքները կարող են ավելի շատ լինել»,- ասաց երկրի ղեկավարը, շեշտելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
«Խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, այսօր գոյություն ունեցող ձևաչափով և միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ սլովենացի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել ու ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ընթացքն ու վերջին զարգացումները: