11/10/2010 15:12
«Լեռնային Ղարաբաղը դեռ սպասում է իր միջազգային ճանաչմանը»
Ինքնորոշման յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է և չի կարելի բոլոր դեպքերը նույնանման դիտարկել, բայց իրավական որոշումները պետք է բխեն միևնույն սկզբունքներից: Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում Կոսովոյի նախադեպը հայկական կողմի համար կարևոր է այն տեսանկյունից, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հստակ պատասխանեց այն հարցին, որ միակողմանիորեն ինքնուրույնություն հռչակելը չի հակասում միջազգային իրավունքին, այսօր Երևանում պաշտոնական այցով գտնվող Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ հակառակ Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի, իր հազարամյա պատմության մի փոքր հատված` մի քանի տասնյակ տարիներ, ստիպել են ապրել Ադրբեջանի կազմում:
«Երբեք ղարաբաղցիները դրա հետ չեն հաշտվել, չեն հաշտվել նույնիսկ Ստալինյան ռեպրեսիաների տարիներին: Առաջին իսկ բարենպաստ պայմանների առկայության ժամանակ նրանք ինքնորոշվել են, այսինքն` միակողմանիորեն հռչակել են իրենց անկախությունը, անցկացնելով հանրաքվե` ԽՍՀՄ փլուզման ընթացում գործելով միջազգային իրավունքներին համահունչ: Ադրբեջանը պատերազմ պարտադրեց Լեռնային Ղարաբաղին` ծանր, դաժան և բոլոր օրենքները խախտող պատերազմ, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, անշուշտ` Հայաստանի և ողջ հայ ժողովրդի օգնությամբ կարողացավ կազմակերպել իր ինքնապաշտպանությունը»,- ասաց երկրի ղեկավարը` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության կայացումը տեղի է ունեցել առանց որևէ օտար միջամտության, որով և Ղարաբաղյան հիմնահարցը տարբերվում է Կոսովոյի հիմնախնդրից:
ՀՀ նախագահը նաև ընդգծեց, որ ի տարբերություն Կոսովոյի, «Լեռնային Ղարաբաղը դեռ սպասում է իր միջազգային ճանաչմանը»:
«Ահա այստեղ է տարբերությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարողացավ առանց ՆԱՏՕ-ի օժանդակության կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, գոյատևել, և այսօր էլ բարձրաձայն ասել` այո, նա տեր է անկախությանը, միջազգային որևէ սկզբունք չի խախտել և համբերատար սպասում է, թե երբ միջազգային հանրությունը կընդունի միակողմանիորեն Ադրբեջանից անջատվելու իր իրավունքը»,- ասաց Սերժ Սարգսյանը` կրկին նշելով, որ ինքնորոշման յուրաքանչյուր դեպք, միանշանակ, յուրահատուկ է: