11/10/2010 16:37
Սլովենիայի նախագահ. ԼՂ հակամարտությունը պետք է «ապասառեցվի»
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու համար պետք է առաջ շարժվել բացառապես լուծման խաղաղ ճանապարհով; Այսօր Երևանում հայտարարեց Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը` ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսում: Նա նաև շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրա խաղաղ կարգավորման ընթացքի մասին սպառիչ տեղեկություններ տալու համար:
«Շատ կարևոր է` առաջ շարժվել խաղաղ լուծման ճանապարհով: Ընդգծում եմ` խաղաղ լուծման ճանապարհով: Ընդ որում` պետք է շեշտադրել վստահության մթնոլորտի բարելավման վրա»,- ասաց Դանիլո Թյիրկը:
Սլովենիայի նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պարագայում համաձայն չէ «սառեցված հակամարտություն» եզրույթի շրջանառության հետ, որը, Դանիլո Թյիրկի կարծիքով, ապակողմնորոշում է:
«Հակամարտությունը ոչ թե պետք է սառեցվի, այլ` ապասառեցվի և լուծվի»,- նշեց Սլովենիայի նախագահը` կրկին ընդգծելով, որ հակամարտության լուծման համար կարևորը վստահության մթնոլորտի ձևավորումն է: