12/10/2010 16:28
Դ. Բաբայանը նախագահի կոչին դրական արձագանքեց
«Կարծում եմ, որ շատ ուսանելի և հետաքրքիր կլինի, եթե միջազգային հանրության ներկայացուցիչներն առավել ինտենսիվությամբ այցելեն Արցախ: Շատ դեպքերում մարդիկ տեսականորեն են առնչվում հակամարտությունների լուծմանը, և ամենավտանգավոր զարգացումները տեղի են ունենում այն դեպքում, երբ տեսական դաշտում եղած մոտեցումները օգտագործվում են գործնական հարթությունում»,- անդրադառնալով ՀՀ նախագահի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչին՝ հաճախակի դարձնել այցելությունները Արցախ, Aysor-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Այդ իսկ պատճառով, որքան շատ միջազգային հանրության ներկայացուցիչներն այցելեն ԼՂՀ, որքան շատ միջազգային կազմակերպություններ, վերլուծաբաններ գան Արցախ, այնքան լավ: Դա բոլորիս համար էլ օգտակար է: Որքան մանրամասն միջազգային հանրությունը տեղյակ լինի Արցախի հետ կապված խնդիրներին, այնքան հեշտ կլինի ԼՂ հիմնախնդիրի վերաբերյալ առավել հստակ պատկերացում կազմել»,- ասաց Դ. Բաբայանը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետը ՀՀ նախագահի հորդորը շատ դրական գնահատեց, հավելելով, որ միջազգային հանրության ներկայացուցիչների մուտքն Արցախ դրական ազդեցություն կունենա և՛ տարածաշրջանում առկա վիճակի, և՛ հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից: