12/10/2010 15:41
Է.Նալբանդյան. Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից
Wall Street Journal հեղինակավոր պարբերականում լույս է տեսել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը:
«Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից հետո Հայաստանը և Թուրքիան համաձայնության եկան, և հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները:
Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանում մենք առաջնորդվում էինք այնպիսի ապագայի տեսլականով, երբ սերունդները կապրեն համերաշխ և ապահով: Հայկական կողմի այս նախաձեռնությունը դրական արձագանք գտավ Թուրքիայի Նախագահի կողմից, և դա մեզ թույլ տվեց լուրջ ներդրում կատարել մերձեցման երկարատև գործընթացում:
Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան և շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ:
Դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն մերժեց արձանագրությունները վավերացնել, այլև վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը:
Տպավորություն է ստեղծվում, որ մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մի կողմից թուրքական իշխանությունները ձևացնում են, թե միշտ հետևում են pacta sunt servanda (համաձայնությունները պետք է հարգվեն) սկզբունքին, սակայն, մյուս կողմից, նրանք հրաժարվում են իրենց իսկ կողմից Ցյուրիխում ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց և իրագործելուց: Նրանք պնդում են, թե չունեն նախապայմաններ, պարզապես ասում են, որ “դուք արեք այս կամ այն, որպեսզի կարողանանք առաջ շարժվել” վավերացման գործընթացում: Արդյո±ք, սա նշանակում է, թե նրանք նախապայմաններ չունեն:
Թուրքիան փորձում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չեն ուզում հանդես գալ իբրև միջնորդներ, այլ ընդամենը ցանկանում են բանակցել հայերի ու ադրբեջանցիների միջև` լուծում գտնելու համար:
Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնաս է հասցնում երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծել են Հայաստան-Թուրքիա կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը` մեկ այլ լեզվով:
Թուրքիան իբրև թե ակնկալում է, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է մեկընդմիշտ “համապարփակ լուծում” ունենան: Սա գեղեցիկ ձևակերպում է, բայց որքանո±վ է այն իրատեսական: Զուտ հռետորաբանություն: Լոկ խոսքեր, բայց ոչ գործ:
Թուրքիան նաև կեղծորեն օգտագործում է կարգավորման գործընթացը` որպես շղարշ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին: Մինչդեռ, մենք հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր թե° թուրք գործընկերների հետ շփումներում, թե° հրապարակավ պարզ ասել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության իրողությունը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը:
Իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում և երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում: Չնայած նրան, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց Ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց Ցեղասպանության ճանաչումը` իբրև հարաբերությունների կարգավորման նախապայման: Պարադոքսալ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահարկել այս հարցը` դարձնելով այն նախապայման:
Հայաստանը նախաձեռնեց կարգավորման գործընթացը և ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Զարգացումների արդյունքում, երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղում էր դեպի փակուղի, Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը` դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:
Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները եզրափակվել են արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ “լուռ դիվանագիտություն”, ոչ Ցյուրիխի “երկրորդ փուլ”, ոչ բանակցությունների որևէ նոր գործընթաց, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատև գործընթացի արդյունքում մնում է միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումը`առանց ավելորդ այլևայլի: Հայաստանը պատրաստ կլինի գնալ առաջ, երբ Թուրքիան վերստին կգնա հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների:
Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներից ասում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը ճանապարհի իր բաժինն անցել է, և որ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել», - ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասված է հոդվածում: