13/10/2010 13:33
Կ.Ավագյան «Հայաստանը միշտ կոռեկտ է եղել»
Այն, որ Ադրբեջանն ավելացնում է իր երկրի ռազմական ոլորտին հատկացվող բյուջեն, Հայաստանին չի խանգարում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված իր ծրագրերը, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
«Իհարկե, դա մտահոգիչ է, իհարկե դրա մասին պետք է բարձրաձայնել, բայց որ դա խանգարի մեր ընդհանուր քաղաքականության իրականացմանը, ես, համենայն դեպս, չեմ տեսնում»,– ասաց բանախոսը:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ պատասխանելով Ադրբեջանի այդ քայլին, Հայաստանը ևս մեծացնի իր ռազմական բյուջեն, Կ.Ավագյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է բոլոր համաձայանգրերին և պարտավորություններին:
«Հայաստանը միշտ կոռեկտ է եղել և պահել է ռազմական խնդիրների լուծման հետ կապված ցանկացած պայմանավորվածություն և ցանկացած քաղաքականություն, որոնք ստանձնել է պայմանագրերով։ Եվ այս առումով էլ Հայաստանը պահում և իրականացնում է այդ քաղաքականությունը»,- ասաց պատգամավորը: