13/10/2010 10:46
«Ցուցահանդեսը լուծել է իր առջև դրված խնդիրները»
Հոկտեմբերի 28-30-ը Երևանում տեղի կունենա ռուս-հայկական արդյունաբերական «EXPO-RUSSIA ARMENIA 2010» ամենամյա երրորդ ցուցահանդեսը: Ինչպես Aysor-ին հայտնեց «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի տնօրեն Անահիտ Հակոբյանը, այս տարի ցուցահանդեսն անցնելու է «2010 – ԱՊՀ-ում գիտության և նորարարության տարի» նշանաբանով: Ցուցահանդեսի թեմատիկ բաժանումներն են էներգետիկա, ատոմային էներգետիկա, մեքենաշինություն, անվտանգություն, շինարարություն, տրանսպորտ, ավիացիա, քիմիական արդյունաբերություն, կապ և հեռահաղորդակցություն, բանկեր և ներդրումներ:
«Բավականին հետաքրքիր, տարբեր ոլորտների ընկերություններ են մասնակցելու, և ի տարբերություն նախորդ տարվա 50 ընկերության, այս տարի ցուցահանդեսին ներկայացված կլինեն շուրջ 70 ընկերություններ»,- նշեց Ա. Հակոբյանը:
Կենտրոնի տնօրենը հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան 2010. տնտեսական համագործակցության հեռանկարները» խորագրով ռուս-հայկական խորհրդաժողով, ինչպես նաև երկու երկրների գործարարները կլոր սեղանների շուրջ կքննարկեն Ռուսաստանի և Հայաստանի շրջանների ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման խնդիրները:
«Ռուսական և հայկական մասնակիցների արձագանքների համաձայն, այս ցուցահանդեսը լուծել է իր առջև դրված խնդիրները և հասել նպատակին` ամրապնդելով երկու երկրների տնտեսական կապերը»,- ասաց Ա. Հակոբյանը:
Նա նշեց նաև, որ ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հավելենք, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զառուբեժ-էքսպո» ԲԲԸ-ն, «Մուլտի գրուպ» կոնցեռնը, Աշխարհի հիմնադրամների միջազգային ասոցիացիան, «Էքսպոմեդիա» ընկերությունը` ՌԴ Տնտեսական զարգացման, Արդյունաբերության և առևտրի նախարարությունների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության աջակցությամբ: