14/10/2010 13:05
Ադրբեջանահայերը դատապարտում են ԵԱՀԿ ՄԽ քաղաքականությունը
Ադրբեջանահայ փախստականները դիմում-նամակ են ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որում դաշտային առաքելության անցկացման հետ կապված դժգոհություն ու անվստահություն են հայտնում: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին տեղեկացրին Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի խորհրդատու Հրանուշ Խառատյանը և «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը:
Ըստ Հ.Խառատյանի`ադրբեջանահայ փախստականներն այսօր համոզվեցին, որ իրենց իրավունքներն ու շահերը անտեսված են թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային կառույցների կողմից, ուստի նրանց մնում է սեփական շահերն ինքնուրույն պաշտպանել:
«1994 թվականից մինչև այսօր, 16 տարի շարունակ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանահայ փախստականների հարցը որևէ կերպ, որևէ ֆորմատով ոչ ձևակերպվել է, ոչ քննարկվել, փոխարենը օրակարգում մշտապես եղել են Ադրբեջանի փախստականների խնդիրները»,- ասաց բանախոսը: Նա հավելեց, որ պետք է քնարկվեին այն հարցերը, թե երբ և ինչպես են առաջացել հայ և ադրբեջանցի փախստականները:
«Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը միակողմանի բնույթ է կրում, քանի որ հայ փախստականների հետ որևէ հանդիպում չի եղել»,- նշեց Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի խորհրդատուն:
Ի տարբերություն Հ.Խառատյանի, Գրիգորի Այվազյանը գտնում է, որ «ադրբեջանցի փախստական» գոյություն չունի, նրանք ուղղակի «կոմպբատանտ» են (Aysor` պատերազմի մասնակից)` պատերազմական գործողությունները հրահրած և դրանց մասնակից:
««Լեռնային Ղարաբաղի հարակից տարածք» հասկացողություն չկա, հայկական բանակը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս չի եկել: Իսկ այդ տարածքներում մինչ այդ բնակվող ադրբեջանցի թուրքերն ու ադրբեջանցի քրդերը պատերազմել են և մասնակցել Լեռնային Ղարանաղի խաղաղ բնակչության շրջափակմանը: Նրանք, փաստացի`պատերազմող կողմ են, այլ ոչ թե «խաղաղ բնակչություն»,- նշեց բանախոսը:
«Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահը նաև ընդգծեց, որ ադրբեջանահայության խնդիրը փախստականների հետ կապված հարցերի շրջանակներում պետք է առանձնացվի, քանի որ ադրբեջանաբնակ հայությունը փախստական է դարձել մինչև Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելը` Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով:
Գ.Այվազյանը ևս դատապարտեց Դաշտային առաքելության միակողմանի անցկացումը և Մինսկի խմբի «երկդիմի» քաղաքականությունը:
«Եթե իրենք մեծ ցանկություն ունեին հակամարտության առանցքում մոնիտորինգ անցկացնել, ուրեմն պետք է սկսեին Ադրբեջանի օկուպացրած տարածքներից», - ասաց բանապոսը, ընդգծելով, որ «եթե աչք է փակվում մեկ միլիոնանոց ադրբեջանահայ փախստականների վրա, տարածաշրջանում խաղաղության հաստատումը կասկածելի կլինի»:
«Քանի դեռ մենք կանք, մեր խնդիրները կան, Ղարաբաղ ադրբեջանցի թուրքերը ոտք չեն դնի: Պարոն Ալիևը թող իզուր հույսեր չփայփայի», - ասաց Գրիգորի Այվազյանը և ավելցրեց, որ եթե վերադառնալու հարց է դրվում, պետք է առաջին հերթին ադրբեջանահայ փախստականները վերադառնան: