14/10/2010 10:03
Մեկնարկում է Ուգո Չավեսի այցը Մոսկվա
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն այսօր ժամանում է Մոսկվա, որպեսզի ռուսական ղեկավարության հետ քննարկի մինչև 2014 թ. երկկողմ փոխգործակցության ծրագրերը, որոնք ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` ռազմատեխնիկական համագործակցություն (ՌՏՀ), համատեղ արտադրական հզորությունների ստեղծում, ֆինանսական ինստիտուտների և բնակարանաշինություն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այցի երկու օրերի ընթացքում նա կբանակցի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, կհանդիպի Մոսկվայի ղեկավարության հետ, ինչպես նաև ելույթ կունենա «Լատինական Ամերիկայի անկախության երկու դարը» խորհրդաժողովում:
Ինչպես սպասվում է, այցի գլխավոր արդյունքը կլինի «Գործողությունների ծրագրի» ստորագրումը, որը, երկու երկրների ԱԳՆ-ների մտադրությամբ, համագործակցության զարգացման հիմք կդնի մինչև 2014 թ.: Փաստաթուղթը որոշակիացնում է արտաքին քաղաքականության, ֆինանսական հատվածի, նավթագազային արդյունաբերության, ՌՏՀ, ատոմային էներգետիկայի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության, սպորտի, մշակույթի, աղետների հետևանքների վերացման ոլորտներում համագործակցությունը: