14/10/2010 10:38
Շևարդնաձե. Վրաստանին հարկավոր են հարթ հարաբերություններ ՌԴ հետ
ԽՍՀՄ արտաքին գործերի նախկին նախարար և Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լրագրողների հետ զրույցում կոչ է արել Վրաստանի ղեկավարությանը «բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»: Այս մասին հաղորդում է ՌԲԿ.ռու-ն:
«Ամբողջ Եվրոպան, ՆԱՏՕ-ի երկրները վերջին տարիներին վերջնականապես համոզվել են, թե որքան կարևոր է Ռուսաստանի հետ նորմալ և ազնիվ գործընկերային հարաբերություններ ունենալ, ձգտել օգտակար համագործակցության»,- ընդգծել է նա: Է. Շևարդնաձեի խոսքով, «Եվրոպային, ՆԱՏՕ-ին և հատկապես Վրաստանին այսօր միայն հարթ հարաբերություններ են հարկավոր Ռուսաստանի հետ»:
Է. Շևարդնաձեն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի առջև հարց դնել ռազմա-քաղաքական դաշինքում Վրաստանին ընդգրկել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի: «Վրաստանը չպետք է համաձայնի դրան, այլապես ընդմիշտ կկորցնի Աբխազիան և Հարավային Օսիան»,- նախազգուշացրել է նա:
Է. Շևարդնաձեն ընդգծել է, որ թեպետ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերջերս կրկին հաստատել է, որ Վաշինգտոնն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, «դա բոլորովին չի նշանակում, որ ՆԱՏՕ-ում բոլորն են այդպես մտածում»: «ՆԱՏՕ-ի անդամ-երկրների շրջանում Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի գնահատման մոտեցումներում չկա միարժեք կարծիք, այնտեղ այդ հաշվով արդեն ոչ մեկ տարի է, ինչ լուրջ տարաձայնություններ կան»,- հայտարարել է միջազգային քաղաքականության վետերանը: